Արցախցիների իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով. Գարեգին Բ

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագի իր պատգամում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արցախին սատարելու և անկախ պետականությունը չվտանգելու կոչ է արել:

«Տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի: Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին», - ասել է կաթողիկոսը:

Դիմելով արդեն 26 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին՝ վեհափառ հայրապետն ասել է. «Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով»։