Բազումի հրդեհված հանրակացարանի բնակիչները դիմել են իշխանություններին, սպասում են պատասխանի

Լոռու մարզի Բազում գյուղում 2 օր առաջ ամբողջովին այրվել է փայտաշեն երկհարկանի հանրակացարանը, որտեղ 7 ընտանիք էր ապրում։ Դեռ հայտնի չէ՝ ինչպես է բռնկվել կրակը, որ դրսում է թողել բոլոր 19 բնակիչներին։

«Երեխաներին չգիտեինք ոնց անեինք։ Էս պադյեզդից կրակը տալիս էր դեպի մեզ... Լուսամուտից հանել են երեխեքին... Հիմա չգիտենք ինչ ենք անելու», - ասում է տուժած բնակիչներից մի կին։

«Սա փայտաշեն շենք ա, սա կարա հարյուր բանից լինի։ Սա կարա պեչկից լինի, կարա սխալ միացում տոկից լինի, հարյուր բանից կարա լինի... Սաղ քնած են էղել», - հավելում է մեկ այլ տուժող։

Փամբակ խոշորացված համայնքի բնակավայր դարձած Բազում գյուղի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանն ասաց՝ վնասի չափը դեռ գնահատված չէ։ Հրդեհված 7 տների բնակիչները դիմումներ են գրել, պետական կառույցներին հասցեագրել՝ օժանդակելու խնդրանքով. - «Բնակիչները տեղավորվել են իրանց բարեկամների տներում ժամանակավոր, մինչև արդեն մենք ուղարկենք կառավարություն, տենանք ինչ աջակցություն կստանանք»։

Հրդեհված, ինչպես նաև հարակից երկու հանրակացարանները 1988-ի երկրաշարժից հետո են կառուցվել և ժամանակավոր բնակության համար տրվել Վանաձորի ջերմաէլեկտրակայանի՝ տան կարիք ունեցող աշխատողներին՝ խոստանալով, թե տարիներ անց բնակարանով կապահովեն։ Բայց արդեն 2000-ականներին ՋԷԿ-ը լուծարվել է, բնակարանով ապահովելու ծրագրերն էլ՝ թղթի վրա մնացել։ 24 ընտանիքներից մի քանիսը ընդգրկվել են աղետից տուժածներին բնակարաններով ապահովելու պետական ցուցակներում։ Մի քանիսը տուն ստացել։ Մյուսները, սակայն, դեռ օդից կախված են։ Նախկին գործատու ՋԷԿ-ը չկա, պետության պարտավորությունների մասին էլ բնակիչները միայն խոստումներ են լսել։ Մինչև հրդեհն էլ արդեն երկհարկանի հանրակացարանը գրեթե անհուսալի էր՝ բնակության համար ոչ պիտանի, ասում են բազումցիները. - «էս երեսունմեկ տարի ա, ստեղ ենք։ Անընդհատ էկել-գնացել են, ասել ենք, որ հնարավոր չի էլ ստեղ ապրել, ապասնի ա, խարխլվել ա... Դե մի օր կգրանցենք, տուն կտանք։ Մի օր ե՞րբ... Երբ որ էս մարդկանց սաղ էլածը վառվի»։

Մի գիշերում անտուն մնացած բնակիչներն անելանելի վիճակում են։ Երեկ ուշ գիշերին դեռ դրսում խարույկի շուրջը հավաքված էին՝ անելիքները քննարկելու։ Հետո հարազատների տներում տեղավորվեցին։ Ասում են՝ իրենք են հազիվ փրկվել, գույքը, սակայն, փրկել չի հաջողվել։

Համայնքի պատասխանատուներն ասում են, թե տեղի ունեցածի մանրամասները հասցրել են վերևներին։ Դեռ արձագանք չեն ստացել։ Հայտնի չէ, թե ինչ հնարավորություններ կգտնվեն հրդեհված տների բնակիչների համար։