Վրաստանում մեկնարկել են ի պաշտպանություն Սաակաշվիլիի բողոքի ակցիաները

Վրաստանում այսօր մեկնարկել են ի պաշտպանություն երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բողոքի ակցիաները։ Դրանք ընթանում են Թբիլիսիում և երկրի մյուս խոշորագույն քաղաքներում։

Մի խումբ բժիշկներ կեսօրին մոտ հավաքվել են Վրաստանի նախագահի նստավայրի մոտ՝ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջելով ներում շնորհել նախկին նախագահին։ Ակցիաներից ևս մեկը կազմակերպվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հայրենի Չորվիլա գյուղում՝ նրա առանձնատան դիմաց։

Վրացական IPN գործակալության փոխանցմամբ՝ բողոքի ակցիան վերաճել է ընդհարման ցուցարարների և Իվանիշվիլիի համագյուղացիների միջև։ Գործակալության տեղեկություններով՝ Չորվիլայի բնակիչները պնդել են թե ակցիայի մասնակիցները Բիձինա Իվանիշվիլիի հասցեին վիրավորական վանկարկումներով են հանդես եկել: