Հայաստանը ճանապարհի կեսից կրկին թեքվեց դեպի Ռուսաստան, հետևանքները չուշացան. Վարդան Հարությունյան

«Մենք անընդհատ հետ ենք ընկնում, չենք կարողանում օրվան համահունչ քայլեր կատարել, չենք հասկացել, որ խնդրի ձգձգումը, խնդրի չլուծումը մեր դեմ է աշխատում», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե «պատերազմից ավելի քան երկու տարի անց այս մղձավանջը ինչո՞ւ չավարտվեց՝ տարածքային կորուստներ, զոհեր, դրա անընդհատ սպառնալիք շարունակական և անորոշություն»;

«Որքան երկար է ձգվում խնդիրը, այնքան մենք տուժում ենք: 23 տարի շարունակ այդպես է եղել, և այս վերջին երկու տարիներին է՛լ ավելի ցայտուն է դա երևում: Բայց որևէ քայլ չենք անում», - ընդգծեց Հարությունյանը՝ հավելելով. - «Սա ցավալի է իհարկե: Մենք պետք է օր առաջ կարողանայինք լուծումներ գտնել, համաձայնության գնալ: Որքան շուտ մենք մեր հարևանի հետ՝ ոմանք ասում են թշնամի, ոմանք ասում են հակառակորդ, ինչպես կուզեք անվանեք, որքան շուտ մենք նրանց հետ ունենանք փաստաթուղթ, համաձայնություն՝ բնականաբար, ծանրակշիռ միջնորդների պարագայում, նրանց առկայությամբ, այնքան լավ՝ մեզ համար», - ասաց Հարությունյանը:

Դա, ըստ նրա, «չի նշանակում, թե դրանից հետո միանգամից կփակվեն բոլոր խնդիրները, բայց դա նշանակում է, որ այսպիսի ճչացող պարտություններ, այսպիսի լուրջ զարգացումներ քիչ հավանական կդառնան»:

«Բայց իշխանությունն էլ է պատերազմից հետո արդեն դա ասում՝ այն, ինչ Դուք երկու տասնամյակից ավելի եք ասում՝ խաղաղություն, երկխոսություն Ադրբեջանի հետ, բայց սա էլ չի աշխատում», - այս դիտարկմանը Վարդան Հարությունյանն արձագանքեց. - «Հատկապես սեպտեմբերի 13-ից հետո նոր բեկում տեղի ունեցավ՝ ոչ թե Արցախյան խնդրի, այլ՝ հայ - ադրբեջանական հարաբերություններում: Դա սեպտեմբերի 13-ն էր, երբ ադրբեջանցիները լայնամասշտաբ՝ ես դա համարում եմ մեծ, լայնամասշտաբ պատերազմ սկսեցին Հայաստանի դեմ, մի քանի ուղղություններով ծավալուն հարձակումներ սկսեցին: Եվ դա առիթ դարձավ, իմ կարծիքով՝ դա Ադրբեջանի թույլ տված լրջագույն սխալներից մեկն էր, միջազգային հանրությունը անմիջապես ներգրավվեց մեր խնդրի լուծման գործում: Եվ դեպքերը շատ արագ էին զարգանում, բոլորիս աչքի առաջ էր, օր-օրի, ժամ առ ժամ իրավիճակ էր փոխվում: Բայց մեր իշխանությունները չկարողացան մնալ այն ճանապարհին, որով որ պետք է գնային, շատ արագ ճանապարհի կեսից թեքվեցին կրկին դեպի ռուսական դաշտ, և կիսատ մնաց այն գործը, որ կարող էր ավարտվել, որովհետև արդեն այդ օրերին խոսվում էր դեկտեմբերին, այսինքն՝ տարվա վերջին օրերին, հաշտության պայմանագրի մասին: Կլիներ դա, թե չէր լինի՝ չեմ կարող իհարկե ասել, բայց որ դա հասունանում էր, և որ երկու կողմերն էլ այդ մասին խոսում էին, դա ակնհայտ էր: Բայց մերոնց կատարած այդ կտրուկ անցումը փակեց այն կողմ ճանապարհը, այստեղ բացեց նոր ճանապարհ՝ ռուսական արդեն հարթության վրա, բայց ռուսական հարթության վրա էլ մենք փաստորեն արդեն պարտված ենք դուրս գալիս»:

«Մենք ինքներս նորից վերադարձանք այս դաշտ, մեր իշխանությունները այդ մասին բարձրաձայն հայտարարեցին, ասացին, որ ընդունում են ռուսական առաջարկությունը, և որպես խայծ՝ մեր հանրությանը նետված, նաև գուցե, ինչո՞ւ ոչ, նաև մեր իշխանություններին նետված, ընդհանրապես Հայաստանին նետված խայծ՝ Ռուսաստանը օգտագործեց մի կարճ բառակապակցություն, թե Արցախի խնդիրը ոչ թե փակվում է, այլ թողնվում է ապագային: Դա բավարար եղավ, որպեսզի Հայաստանը համաձայնի գնալ նոր փորձությունների», - ընդգծեց Հարությունյանը և շարունակեց. - «Եվ Ադրբեջանը օգտվեց դրանից: Ադրբեջանին ձեռնտու է այսօր խնդրի չլուծումը, որովհետև չլուծված խնդրի պարագայում յուրաքանչյուր օր, կամ յուրաքանչյուր շաբաթ նրանք կարող են, ի վիճակի են, նրանց հնարավորություններն այսօր ներում են նորանոր հաջողություններ գրանցել հօգուտ իրենց»:

Միաժամանակ, նա կարծում է, որ «իհարկե, չի կարելի կտրուկ շարժումներ անել, լուրջ կտրուկ շարժումներ անել»: «Եվ ես այդ մասին միշտ էլ մտածելով, որ մենք ինչ-որ մի պահ, ինչ-որ մի օր, ինչ-որ մի ժամ պետք է դուրս գանք այդ ռուսական ազդեցության գոտուց, բայց երբեք ես չեմ ասել, թե դա պետք է արվի շատ կտրուկ, կամ մեկ օրվա ընթացքում: Դա է պատճառը, որ ես այս վերջին երկու տարիներին բոլոր օրերից առանձնացնում եմ [2022-ի] սեպտեմբերի 13-ը: Սեպտեմբերի 13-ը ստեղծեց շատ բնական հնարավորություն, այսինքն՝ սահուն էր դա տեղի ունենալու, և Ռուսաստանը չէր դիմակայելու: Իհարկե, Ռուսաստանը վախեցած էր՝ տարածաշրջանից դուրս գալու վտանգ կար, բայց այսօր Ռուսաստանը այն վիճակին չի, որպեսզի կարողանար լուրջ, շատ ծանրակշիռ պարտադրանքներ թելադրել մեզ, և գոյություն ուներ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Եվրամիության, ընդհանրապես՝ ամբողջ Արևմուտքի դերակատարումը, որը նույնպես չեզոքացնելու էր դա, եթե մերոնք լինեին հետևողական», - պնդում է Վարդան Հարությունյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.