Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ամփոփելով անցած 2022 թվականը, երեք հիմնական ուղղություն առանձնացրեց.
«Առաջինը ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակով պայմանավորված արագ արձագանքման ծրագրերն էին, երկրորդը՝ մեր ընթացիկ ծրագրերը, որոնք վերաբերում էին ամենատարբեր՝ վճարներին, երաշխավորված վճարներին, կենսաթոշակներ, նպաստներ և այլն, և դրանց շարունակական բարելավմանը, և երրորդ ուղղությունը ավելի ռազմավարական, ավելի հեռահար նպատակներ հետապնդող ուղղություններն էին», - նշեց նախարարը:
Անդրադառնալով հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու քաղաքականությանը՝ Մկրտչյանը հայտարարեց. - «Ես կարող եմ ասել, որ մեծավ մասամբ մեզ հաջողվել է հաղթահարել հետպատերազմյան, 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, և մենք 2021 թվականին ավելի քան 20 ծրագիր ենք իրականացրել Լեռնային Ղարաբաղի բնակչության ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու, սկսած՝ բնակվարձի, սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց, վիրավորում ստացած քաղաքացիներին աջակցության, նաև՝ զբաղվածության ծրագրերը, որոնք 2021 թվականից սկսվեցին արցախցիների համար, որոնք որ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, շարունակվեցին նաև 2022 թվականին: Առանձին մեկնարկեց Արցախի առանձին շրջաններից տեղահանված քաղաքացիների համար բնակապահովության ծրագիր»:
«Պետք է ազնիվ գտնվել և ասել, որ այդ ծրագրի մեկնարկի ժամանակահատվածում որոշակի դժգոհությունների եղան մեր հայրենակիցների մոտ, և մենք ժամանակ առ ժամանակ ընդունել ենք նախարարությունում, քննարկել ենք, լսել ենք նրանց առաջարկները, նրանց բողոքները [...]: Մենք ընդունել ենք առաջարկներ և կառավարության վերջին նիստով նաև լավարկման նոր բաղադրիչ ենք ավելացրել, օրինակ՝ երկու մարզեր՝ Սյունիք և Վայոց ձոր, առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում մեր բնակարանային աջակցության ծրագրում ավելացրել ենք առանձին բաղադրիչ՝ 16 միլիոն դրամ մայր գումարի և դրա գծով հաշվարկվող մինչև !3 տոկոսի փոխհատուցման հնարավորություն ենք տալու, որպեսզի կարողանան ավելի բարձր գնով ձեռք բերել: Մարզերի, Երևան քաղաքի, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև առանձին թիրախ էնտեղ՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում եթե ձեռք են բերում բնակարան, ապա մինչև 16 միլիոն կրկին ծրագիրը գործում է», - մանրամասնեց Մկրտչյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ բաժանվել են ավելի քան 3 հազար սերտիֆիկատներ, կան արդեն կնքված գնման պայմանագրեր:
44-օրյայի հաշմանդամների «մինչև 1500 թիվը նույնպես նվազել է»
44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերածների ամփոփ թվի վերաբերյալ Նարեկ Մկրտչյանն ասաց. - «Այս հարցը մշտապես գտնվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում, և մենք միշտ մեր ծրագրերի կենտրոնում ենք պահել հաշմանդամություն ունեցող անձանց և մասնավորապես զինվորական կապով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները: Եվ 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվը մեր հայրենակիցների չէր հասնում 1500-ի՝ առաջին խմբի, երկրորդ, երրորդ, տրամաբանությամբ: Բայց պետք է ասեմ, որ հաշմանդամության խումբ ստանալուց հետո վերափորձաքննություն է տեղի ունենում որոշակի ժամանակահատված հետո, և արդյունքում փոփոխվում են: Վերջին տվյալը, ինքը շարունակական գործընթաց է, կարող եմ ասել, որ այդ մինչև 1500 թիվը նույնպես նվազել է, և այդ վերափորձաքննության արդյունքում որոշակի բողոքներ կան, երբ որ իրենք զրկվել են հաշմանդամության խմբից, և սա քաղաքական որոշմամբ չի լինում»:
«Գնացինք այն որոշմանը, որ պետք է [զինծառայողների ապահովագրության] հիմնադրամի գումարներից զրկվելու, որը որոշակիորեն դժվարացնում է նրանց սոցիալական վիճակը, մենք երեք տարի ժամկետով, հիմա շրջանառում ենք այդ օրենսդրական փաթեթը, որը հնարավորություն է տալիս՝ նրանք, որոնք որ ունեցել են իրավունք հիմնադրամից աջակցություն ստանալու, ոչ թե փոխվում է հաշմանդամության գնահատման մեթոդաբանությունը, և իրենք երրորդ խմբից դառնում են երկրորդ խումբ, այլ պահպանվում է դա, որովհետև, ըստ էության, դա օբյեկտիվ է իրականացվել, մասնագիտական կարծիք կա այնտեղ բժիշկների և այլնի, փորձաքննության արդյունքում է այդ խումբը ստացվել, այլ մենք փորձում ենք հավասարեցնել նրանց տրվող սոցիալական վճարները նախկին՝ հիմնադրամի կողմից տրվող վճարներին երեք տարի ժամկետով՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է մենք նրանց խնդիրը լուծենք», - մանրամասնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.