Բելառուսը՝ ՀԱՊԿ նախագահ 2023 թվականին

ՀԱՊԿ ղեկավարներ Ա. Լուկաշենկոն, Կ.Ժ. Տոկաևը, Ս. Ժապարովը, Ն. Փաշինյանը, Վ. Պուտինը, Է. Ռահմոնը և Ս. Զասը, Երևան, 23-ը նոյեմբերի, 2022թ.

2023 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ի նախագահությունը հերթագայության կարգով Հայաստանից փոխանցվել է Բելառուսին:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անցյալ տարվա նոյեմբերին Երևանում կառույցի ղեկավարության ընդլայնված նիստում ասել է, որ ցանկանում է բելառուսական նախագահությունն իրականացնել «Համերաշխության և համագործակցության ճանապարհով դեպի խաղաղություն և անվտանգություն» կարգախոսի ներքո:

Լուկաշենկոյի խոսքով, 2023 թվականին պետք է ամեն ինչ արվի «կառույցի պատասխանատվության գոտում ճգնաժամերը կարգավորելու և հետագա ապակայունացումը կանխելու համար»:

ՀԱՊԿ-ը 2022 թվականին հայ-ադրբեջանական սահմանին ի հայտ եկած միջադեպերի և Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման կապակցությամբ սոսկ բավարարվել է «հակամարտությունը դիվանագիտական եղանակով կարգավորելու», «իրավիճակը չսրելու» և «խիստ մտահոգություն հայտնելու» կոչերով ու հրաժարվել է քաղաքական գնահատական տալ այդ զարգացումներին:

Այդ հանգամանքներից ելնելով Հայաստանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օժանդակելու միջոցառումների նախագիծը:

«Տխրեցնում է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀԱՊԿ անդամներ են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Հայաստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: