Դեռևս լուծված չէ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը, սա է մեր առաջնային մարտահրավերը. Ալեն Սիմոնյան

Դեռևս լուծված չէ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը, սա է մեր առաջնային մարտահրավերը, իր ամանորյա ուղերձում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հենց այս հարցին են միտված եղել անցնող տարվա հիմնական աշխատանքները, և այդ ուղղությամբ ենք մենք աշխատելու գալիք 2023 թվականին, քանզի ես հավատում եմ, որ մեր առաքելությունն է մեր երեխաներին ժառանգություն թողնել խաղաղ հայրենիք, և մենք միասին դրան հասնելու ենք», - ասել է խորհրդարանի ղեկավարը:

Իր ուղերձում Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ միասին «իրականացնելու ենք այս առաքելությունը»:

Ինչ վերաբերում է ավարտվող տարուն, ԱԺ նախագահը շեշտել է, որ այն դժվար և մարտահրավերներով լի էր բոլորի համար. «2022 թվականին մենք ունեցանք բազմաթիվ ձեռքբերումներ տնտեսության, դիվանագիտության, պետականաշինության և այլ ոլորտներում, բայց չլուծված են մնում բազմաթիվ կարևոր հարցեր. դեռ ամբողջությամբ լուծված չէ մեր ռազմագերիների հարցը, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած հակառակորդի ուժային միավորների դուրսբերման հարցը և ամենաարդիականը՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցը. նույնիսկ այս պահին մեր 120.000 հայրենակիցները դեռ պատանդի կարգավիճակ ունեն իրենց տներում»:

Բարեկեցությունից զատ, Ալեն Սիմոնյանը մաղթել է զինվորներին շուտափույթ վերադարձ տուն: