Վստահ եմ, որ բաժին հասած փորձություններից դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած. ՀՀ նախագահ

Անցնող տարին մեր պետականության համար լի էր փորձություններով ու մարտահրավերներով, իր ամանորյա ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատրյանը:

«2023 թվականի նախաշեմին ես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը մեր ընտանիքներում, մեր տոնական սեղանների շուրջ, մտովի ամփոփելով անցնող տարին, մի ակնթարթ հետհայացք նետի և տեսնի, թե ի՞նչ է թողնելու անցնող տարում և ի՞նչը պետք է վերցնի իր հետ՝ դեպի գալիք նոր տարիներ:
Ինչ փորձով ու գիտելիքով ենք մենք քայլ անելու դեպի եկող տարի, ինչ հույսերով, կամքով և հավատամքով ենք մենք, որպես պետություն, որպես ազգ ու հավաքական հանրություն շարունակելու մեր ուղին՝ դեպի մեր նվիրական երազանքի՝ զարգացող, բարեկեցիկ, անվտանգ ու խաղաղ Հայաստան», - ասված է նախագահի ուղերձում:

Այսպիսի Հայաստան ունենալու համար նախագահը հավատում է, որ հայ ժողովուրդը կարող է գիտակցել ու գնահատել իր պատմական փորձն ու փորձառությունը, գիտակցման հանրագումարում «կարող ենք գտնել մեր բաղձալի հայրենիքի կերտման ներուժը»:

«Վստահ եմ նաև, որ մեր երկրին բաժին հասած փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ուժեղ, ամուր ու իմաստացած», - շեշտել է նախագահ Խաչատրյանը՝ շարունակելով. «Գալիք տարում մեր պետության, մեր քաղաքացիների ու պետական այրերի առաջնահերթությունները շարունակում են մնալ մեր երկրի զարգացումն ու հզորացումը:

Մեր սահմանների խաղաղության ու անվտանգության, Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ ապրելու և իրենց հազարամյա հայրենիքում արարելու իրավունքների ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի հանգուցալուծումը»: