ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին դեկտեմբերի 31-ին հայտարարել է, որ «Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի հարցով հայտարարությունը չի ընդունվել ոչ թե Ռուսաստանին վերագրվող դիրքորոշման, այլ հայտարարության նախագիծը կազմած Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների պատճառով»:
Պոլյանսկին Տելեգրամ ալիքում գրել է, թե Երևանի խնդրանքով գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, և նրանք անտեսել են Ռուսաստանի առաջարկների մեծ մասը, սակայն հաշվի են առել ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամների ներկայացրած ուղղումները։
Ըստ Պոլյանսկու, «Ռուսաստանը պատրաստ է եղել կառուցողական աշխատանքի, սակայն Ֆրանսիան դիմել է անմաքուր մեթոդների, ընդ որում այն դեպքում, երբ ռուսական կողմն է Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ոչ թե խոսքով, այլ գործով զբաղվում հակամարտության կարգավորմամբ»։
«Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և կողմերի հետ շփումների միջոցով փորձում են լուծել վիճելի հարցերը: Անկախ ներկայիս լարվածությունից, կարգավորման հիմքում են մնում ամենաբարձր մակարդակով ընդունված չորս համատեղ հայտարարությունները»,- Տելեգրամ ալիքում գրել է Պոլյանսկին:
Նրա խոսքով, ՄԱԿ-ում ԱԽ հայտարարության նախագծի հեղինակները տեքստում չեն նշել «այդ փաստաթղթերի նշանակությունը և ռուս խաղաղապահների դերը»:
«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը դեկտեմբերի 31-ին ավելի վաղ վկայակոչել է ԵՄ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովին, ով ասել է, թե «ՄԱԿ-ի ԱԽ-ն հրաժարվել է ընդունել Լաչինի միջանցքի հարցով Ֆրանսիայի հեղինակած հակաադրբեջանական հայտարարությունը»:
«Այսօր Ֆրանսիան հերթական անգամ պարտություն կրեց Ադրբեջանից»,- ասել է Սադիկովը, հաղորդելով, որ հայտարարության նախագծին չեն աջակցել Ալբանիան, Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Մեծ Բրիտանիան: