Լոռու Դեբետ գյուղում Ամանորն անցնող տարում ստեղծածն ամփոփելու տոն է։ Սիրեկան Գրիգորյանի ընտանիքում մսեղենը, չրերն ու բանջերեղենն իրենցն են։ Ասում են՝ խանութ գրեթե չեն գնացել։
«Լիմոնադն ենք առնում էրեխանց հմար, դաժե օղին ա մեր տնից», - ասում է տանտերը:
Այսօր պահուստները բացելու օրն է։ Ամեն ինչից առատորեն կդնեն սեղանին, որ հաջորդ տարի էլ նույն առատությունն ունենան, բերքը շատ լինի։
Տան զարդարանքը թոռների գործն է՝ ամեն ինչ իրենց ճաշակով են արել, բայց 50 տարեկան կարմրաթուշ Ձմեռ պապը Անահիտն իր ձեռքով է տեղադրել տոնածառի տակ։ Հպարտորեն ասում է՝ իրենց ամուսնության առաջին տարում է գնել. - «Հիցուն տարեկան ա, իմ գալու առաջին տարին եմ առել: Մի հատ էլ խաղալիք ունեմ, էլի հիցուն տարեկան ա»:
Կեսգիշերին բազմանդամ ընտանիքով կնստեն առատ սեղանի շուրջ, բայց հավանական հյուրերի քանակ չգիտեն։ Սիրեկանն ասում է՝ նախկինի նման էլ տան կողքով ամեն անցնող-դարձող ներս չի մտնում։ Նախկին բարքերը հեգնում, բայց միաժամանակ մտորում է՝ քիչ հյուրերով Նոր տարին էլ մի բան չէ։ Թեկուզ հետո գյուղում ամանորյա սեղանները թաքուն քննարկման առարկա էին դառնում, բայց մարդիկ ուրախ էին, սիրտներն էլ՝ բաց. - «Բայց լավ էլ չի, որ հաշվենք: Ո՞նց ա լավ, եթե մի հատ լավ սեղա ունես, քու դուռը բացող չկա»:
Ամանորի գիշերն այստեղ անվադողերի կրակը նախկինի նման շատ բարձր չի լինի։ Երեխաները դրանց մեծ մասն այս տարի դիրքեր են ուղարկել։ Բայց 12-ամյա Արենն ասում է՝ գիտի՝ էլի մրոտված տուն կգան՝ Նոր տարվա համար պահած մի քանի անվադողն էլ կհերիքի տոնական պայթյուններ ապահովելու համար։
«Էս տարվա պագրիշկեն մը քիչ քիչ ա, որովհետև հավաքեցինք տվինք զինվորներին, 96 հատ», - ասաց Արենը:
Դեբետում պատերազմից հետո «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով արցախցի բազմանդամ ընտանիքների համար տներ կառուցվեցին։ Հիմա այստեղ 10-ից ավելի ընտանիքներ կան, որ 44-օրյա պատերազմին Արցախում տուն կորցնելուց հետո Դեբետում տեղավորվեցին։ Ականջը ձայնին, թե Արցախում արդեն 20 օր բլոկադայի մեջ գտնվող հարազատներից մի լավ լուր կստանան, խաղողի տերևով տոլմա են փաթաթում. - «Նշելու ենք՝ ուղղակի էրեխեքին ուրախացնենք, որ Նոր տարի ա, էրեխեքը հասկանան, որ Նոր տարի ա, վսյո, էդ ա: Մեր ընկերները հիմա էօրվա դրությամբ Արցախում բլոկադայի մեջ են, չենք կարա էն ճոխությունը անենք, ինչ որ ամեն տարի անում ենք»:
Ասկերանում տուն-տեղ թողած Արշալույս Գրիգորյանի բազմանդամ ընտանիքի համար այս տարի Դեբետում կյանքը վատ չի եղել։ Այս փոքրիկ տանն 8-րդ երեխան է ծնվել։ Կարողացել են անասուն պահել, իրենց ապրուստն ստեղծել։ Ասում ու հեռախոսը ձեռքն է առնում՝ Արցախում մնացած աղջկան զանգելու՝ չորս թոռների որպիսությունը հարցնելու համար։ Աշխարհից կտրված Արցախից հանգստացնում են՝ դիմանում ենք, անգամ Ամանորի պատրաստվում։
Դեբետցի Դաթիկո Հակոբյանի տանը ջահելներ չկան։ Ասում է՝ Ամանորի գիշերը բաժակ կբարձրացնեն ու իրար մխիթարանքի խոսքեր կասեն։ 2020-ի պատերազմին գյուղում մեկ զոհ են ունեցել։ Դրանից հետո տոները նախկինի պես չեն ստացվում։
«Մեր ժողովուրդը հմի Ղարաբաղի միջին, սաղ տուն արած, ոչ կարում են օգնեն, ոչ կարում են բան անեն, ես չգիտեմ էս ինչ ա մեր դրութինը: Թե չէ ի՞նչ ա՝ մի կտոր միս ա, մի կտոր հաց ու պանիր ա, կուտենք, մե-մեն բաժակ ա, բան ա, կխմենք՝ պրծավ գնաց: Մեր ընդեղի ժողովուրդն ա, որ ազատ ապրի», - ասում է Հակոբյանը:
Այս տարի Ամանորին այդպես էլ ձյուն չեկավ։ Ձյուն չկա՝ սառույցին սահնակ կքշենք, ասում են գյուղի երեխաներն ու վազում դեպի սառցակալած գետ՝ սահելու։
Իսկ հարևան Դաթիկոն երկաթյա բանալին ձեռքն է առնում ու զգուշորեն լարում պատի 60-ամյա ժամացույցը՝ հանկարծ Ամանորի գիշերը կանգ չառնի՝ չէ՞ որ կյանքը շարունակվում է. - «Ըհը, ինքը պիտի աշխատի»: