Վատիկանը հայտնել է Հռոմի Բենեդիկտոս 16-րդ «պատվավոր պապի» մահվան մասին: Պաշտոնաթող պապը մահացել է 96 տարեկանում:
Նրա մահվան լուրը հրապարակել է Սուրբ Աթոռի մամուլի վարչության ղեկավար Մատեո Բրունին:
Վերջին օրերին Վատիկանը հաղորդել է Բենեդիկտոս 16-րդի ծայրահեղ ծանր առողջական վիճակի մասին՝ հորդորելով հավատացյալներին աղոթել նրա համար:
Դեկտեմբերի 28-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Բենեդիկտոսին 16-րդին, ով 2013 թվականի հրաժարականից հետո մի խումբ օգնականների հետ բնակվում էր Վատիկանի տարածքում գտնվող վանքերից մեկում:
Գերմանացի Յոզեֆ Ռատցինգերը 2005 թվականի ապրիլի 19-ին է հռչակվել Հռոմի պապ և և իր համար ընտրել է Բենեդիկտոս 16-րդ անունը: Նա փոխարինել է 2005 թվականի ապրիլի 5-ին վախճանված Հռոմի Հովհաննես-Պողոս երկրորդ պապին:
2013 թվականի փետրվարի 11-ին Բենեդիկտոս 16-րդը կամավոր հրաժարվել է տիտղոսից, ասելով, որ առողջական վիճակի վատթարացումը խոչընդոտում է եկեղեցուն ծառայելու առաքելությունը, և հորդորել է ընտրել ավելի երիտասարդ ու եռանդուն առաջնորդ:
Հրաժարականից հետո Բենեդիկտոս 16-րդը պահպանել է «պատվավոր Հռոմի պապի» տիտղոսը:
Ենթադրվում է, որ Բենեդիկտոս 16-րդին կհուղարկավորեն գործող Հռոմի պապի հուղարկավորության արարողակարգով, քանի որ ի պաշտոնե նա համարվում է պետության ղեկավար: