Բենյամին Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապետ

Բենյամին Նեթանյահուն հաստատվեց Իսրայելի վարչապետի պաշտոնում, Երուսաղեմ, 29 դեկտեմբերի, 2022թ.

Այսօր Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը վետերան քաղաքական գործիչ Իսրայել Նեթանյահուին հաստատեց վարչապետի պաշտոնում: Նախկինում Նեթանյահուն տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ 15 տարի է զբաղեցրել Իսրայելի կառավարության ղեկավարի պաշտոնը:

Վերջին արտահերթ ընտրություններից հետո նա կղեկավարի աջակողմյան ուժերի կոալիցիոն կառավարությունը:

73-ամյա լիդերը հավաստիացրել է, որ նոր կառավարության օրոք երկրում քաղաքացիական ազատությունների սահմանափակում չի լինի:

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով կոալիցիա են կազմել Նեթանյահուի առաջնորդած «Լիկուդը» և ազգայնական ու կրոնական ծայրահեղ հայացքներ դավանող կուսակցությունները:

Դրանց թվում են «Կրոնական սիոնիզմ» և «Հրեական ուժ» կուսակցությունները, որոնք կտրականապես դեմ են Պաղեստինի պետության գաղափարին և քննադատում են Իսրայելի ներկայիս արդարադատության համակարգը:

120 տեղանոց Քնեսեթում Նեթանյահուի նոր կառավարությանը վստահություն են հայտնել 63 պատգամավորներ, ինչից հետո տեղի է ունեցել նոր կառավարության երդմնակալությունը:

Մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Նեթանյահուին շնորհավորել են վարչապետի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ: