Զախարովան «խելագարություն» է անվանել ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողով գումարելու Կիևի առաջարկը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան «խելագարություն» և «Վաշինգտոնի փիառ ակցիա» է անվանել ՄԱԿ-ի հարթակում Ուկրաինայի խաղաղության հարցով միջազգային համաժողով գումարելու Կիևի առաջարկը:

«Խոսքը փետրվարի 24-ին՝ հատուկ ռազմական գործողության առաջին տարեդարձի օրը, ՄԱԿ-ի հովանու ներքո ինչ-որ «խաղաղության գագաթնաժողով» անցկացնելու մասին է, այն պետք է թույլ տա իրականացնել «խաղաղության բանաձևը», որը հեղինակել է [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին», - ասել է Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանը դա գնահատում է որպես «խելագարություն և վերջին շրջանում խաղաղարարի դերում հանդես գալու փորձեր անող Վաշինգտոնի ևս մեկ փիառ ակցիա»:

«Ոչ մի ուրիշ բացատրություն չկա, նրանք հասել են այն վիճակին, որ հորինում են հերթական խենթ գաղափարը, դրան տալիս են ինչ-որ միջազգային-իրավական տեսք, բայց իմաստը մեկն է՝ ամեն բան անել փրկվելու և ակնհայտը չճանաչելու համար», - հայտարարել է Զախարովան:

Երկուշաբթի օրն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան ասել է, որ Կիևը մտադիր է 2023 թվականի փետրվարի վերջին ՄԱԿ-ում անցկացնել խաղաղության համաժողով և այն վարելու առաջարկով դիմել է գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով արդեն իր համաձայնությունն է տվել: