Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։
Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակում ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հարությունյանը ներկաներին մի շարք հանձնարարականներ է տվել։
Խորհրդակցությանը մասնակցել է նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Արդեն 17 օր է Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Արցախից ահազանգում են՝ սննդի, դեղորայքի դեֆիցիտ կա, խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը. ԱԽ քարտուղար