Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ օրերս Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկը շարունակում է բուժումը Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոնում և վիճակը կայունանում է:
Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ԱՆ-ն ահազանգում է՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալԿարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ բեռնատար կիրակի օրը Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ, որը ներառել է մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք առողջապահական հաստատությունների համար:
Արցախի առողջապահության նախարարությունն այսօր տեղեկացնում է, որ դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Արցախից ահազանգում են՝ սննդի, դեղորայքի դեֆիցիտ կա, խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում։
Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքների մասին զեկույց են հրապարակել