Ըստ ոստիկանության՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն է եղել:
Նույն օրն Գյումրիի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Կումայրիի բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ բաժնում երիտասարդը խոստովանել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 20.00-ի սահմաններում իրենց վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել ընկերուհուն: Նշված բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 37-ամյա կնոջ դիակը: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
«Ազատության» նկարահանման պահին բնակարանում քննչական գործողություններ էին ընթանում։
Ըստ տեղեկությունների՝ սպանության մեջ կակսածվողը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է։
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեպքի մասին ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրեն։