Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 22-ին թուրքական արհեստակցական միությունների ղեկավարների և ֆինանսների նախարար Նուրեթդին Նեբաթիի հետ համատեղ քննարկման ընթացքում հրապարակել է նվազագույն աշխատավարձի չափը, որն ուժի մեջ կլինի հաջորդ տարվանից:
«Մեզ համար կարևոր է պաշտպանել և՛ գործատուների, և՛ աշխատողների շահերը: Կառավարությունը համաձայնեցրել է երկու կողմերի համար փոխզիջումային թիվը, 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն մաքուր աշխատավարձը կկազմի 8506 թուրքական լիրա»,- ասել է Էրդողանը:
Այդ գումարը հավասար է մոտ 455 ԱՄՆ դոլարի: Աճը կազմում է մոտ 54.66 տոկոս: Նախագահը նաև հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի սղաճը մեղմելու համար, և դրա անկումը կնկատվի արդեն այս տարվա դեկտեմբերին:
«2023-ին սղաճի տեմպը կկազմի մոտ 30 տոկոս, իսկ մինչև հաջորդ տարեվերջ այն կիջնի մինչև 20 տոկոս»,- ասել է Էրդողանը:
Անցած ամիսների ընթացքում Թուրքիայում աննախադեպ բարձր գնաճի և սոցիալական վիճակի ակնհայտ վատթարացման հետևանքով տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ակցիաներ: