Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ մտադիր է 2023 թվականի սկզբին հանդես գալ Դաշնային ժողովին հասցեագրված տարեկան ուղերձով:
«Մենք դա {ուղերձը խորհրդարանի երկու պալատներին} անպայման կանենք: Նոր տարում կանենք»,- ասել է Պուտինը, նշելով, թե այսօր չի ցանկանում որևէ կոնկրետ ժամկետ նշել:
Նա ասել է նաև, թե իր հնարավոր ուղերձի հիմնական կետերն արդեն տեղ են գտել իր մի քանի ելույթներում:
Պուտինը 2022 թվականին տարեկան ուղերձի բացակայությունը պատճառաբանել է «իրադարձությունների բարձր դինամիկայով, որը թույլ չի տվել կոնկրետ դրույթներ առանձնացնել»:
Ռուսաստանյան ընդդիմադիր շրջանակներում նշել են, որ հրաժարվելով խորհրդարանի երկու պալատների՝ Դաշնության խորհրդի և Պետական դումայի համատեղ նիստում օրենսդիրներին հասցեագրված ուղերձից, Պուտինը խախտել է գործող օրենքը:
Կրեմլի փաստաբաններն արձագանքել են, որ երկրի իրավիճակի, ներքին և արտաքին քաղաքականության մասին տարեկան ուղերձը ոչ թե նախագահի պարտավորությունն է, այլ լիազորությունը: