Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի վատթարացումը կանխելու համար, հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

Այսօր տարածած հայտարարությամբ նա նշել է, որ դեկտեմբերի 12-ից հետևում է ճանապարհի փակման շուրջ իրավիճակին և մտավախություն ունի, որ մարդկանց տեղաշարժի հետագա խաթարումը, անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդամթերքի և հրատապ բժշկական օգնության անհասանելիությունը վտանգում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների իրացումը։

Առանց հասցեատերերին հստակ նշելու՝ Միյատովիչը հայտարարել է, որ նրանք, ովքեր պատասխանատու են միջանցքում հասարակական կարգի պահպանման և անվտանգության համար, պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը երթևեկությունը հրատապ կերպով վերականգնելու համար։ Ավելին՝ բոլոր կողմերը պետք է խուսափեն իրավիճակի սրումից, հայտարարել է Միյատովիչը։

Նա նաև ընդգծել է, որ ներկա իրավիճակը կրկին ի ցույց է դնում բոլոր վայրերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անխոչընդոտ հասանելիության ապահովման կարևորությունը։