Ստեփանակերտը` ադրբեջանական շրջափակման պայմաններում
Դեկտեմբերի 20-ի այս լուսանկարում պատկերված են Ստեփանակերտի կենտրոնական շուկայի տաղավարները, որոնք բոլորովին վերջերս մրգերով լի էին, իսկ այժմ՝ դատարկ:
Դեկտեմբերի 19-ին խանութի մոտ դատարկ մրգերի և բանջարեղենի արկղեր:
Ավելի քան 100 հազար հայեր շրջափակված են Լեռնային Ղարաբաղում։ Նրանք չեն կարողանում ներմուծել կենսական անհրաժեշտության ապրանքներ, քանի որ ադրբեջանցի ակտիվիստները փակել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը:
Ռուս խաղաղապահները կանգնած են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող մայրուղին փակած ադրբեջանցիների դիմաց, դեկտեմբերի 13 (լուսանկարը՝ Azertac-ի):
Ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ին փակեցին Լաչինի միջանցքը: Նրանք իրենց «էկոակտիվիստներ» են անվանում և բողոքում, թե հայերը Ադրբեջանի հարակից շրջաններում ապօրինի ոսկի են արդյունահանում։ Ադրբեջանում ոստիկանները ինքնաբուխ բողոքի ցույցերը սովորաբար մի քանի րոպեի ընթացքում ցրում են, և շատերը Բաքվին մեղադրում են Լաչինի բողոքի ցույցը կազմակերպելու մեջ՝ Հայաստանի և Ղարաբաղի հայերի վրա ճնշում գործադրելու համար:
Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում:
Տեղացի լրագրող և լուսանկարիչ Մարութ Վանյանը պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում շրջափակված Ստեփանակերտից։ Նա ասում է, որ իրավիճակը հատկապես սրվել է դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում, երբ ցրտաշունչ եղանակի պայմաններում դադարեցվել էր Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, ինչի հետևանքով փակվեցին դպրոցները, մանկապարտեզները և այլ հաստատություններ:
Վաճառվող վառելափայտ, դեկտեմբերի 15:
Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է Հայաստանից եկող գազատարի միջոցով, որն անցնում է այն տարածքով, որի նկատմամբ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերը վերականգնեցին իրենց վերահսկողությունը։
Լիդա Միքայելյանը խմոր է կտրատում Ստեփանակերտի հացի փռում:
Հացթուխը լուսանկարիչ Վանյանին ասել է, որ «փառք Աստծո, դեռ հաց կա, բայց բանջարեղեն ընդհանրապես չկա»: 87-ամյա կինն ասում է, որ ռուս խաղաղապահները, որոնց հանձնարարված է պաշտպանել Լաչինի միջանցքը, գնալով ավելի անատամ են դառնում, քանի որ Ուկրաինա աղետալի ներխուժում իրականացրած Ռուսաստանը գնալով ավելի է խրվում այդ պատերազմում։
«Ադրբեջանն օգտագործում է այս պահը իր ծրագրերն առաջ տանելու համար»,- ասում է Միքայելյանը՝ հավելելով, որ «Ռուսաստանն ի վիճակի չէ պահպանել մեր անվտանգությունը, բայց միևնույն ժամանակ չի ցանկանում մեզ «կորցնել»։ Այսպիսին է իրավիճակը»։
Ստեփանակերտի տներից մեկի վրա երևում է Լեռնային Ղարաբաղի դրոշը:
Բանկոմատ Ստեփանակերտի կենտրոնում:
Դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ղարաբաղի հայերը «սննդի և դեղորայքի հետ կապված խնդիրներ չունեն»՝ հավելելով, որ Ադրբեջանը «պատրաստ է ցանկացած մարդասիրական օգնություն ցուցաբերել»։ Նա գազի վերջին անջատումները կապել է ցուրտ եղանակի ու լեռնային տեղանքի հետ:
Տեսարան Ստեփանակերտի կենտրոնից, դեկտեմբերի 20:
Դեկտեմբերի 19-ին Երևանում անհետաձգելի բաց սրտի վիրահատության նպատակով Լեռնային Ղարաբաղից և Լաչինի շրջափակման միջով տարհանվել է մի ծանր հիվանդ։
Ստեփանակերտի տներից ծուխ է բարձրանում, դեկտեմբերի 19:
Մինչ շրջափակումը շարունակվում է, որոշ տեղացիներ շարունակում են վառելափայտ օգտագործել իրենց տները տաքացնելու համար՝ դրա ցածր գնի պատճառով: Տեղի իշխանությունները կոչ են արել բնակիչներին նվազեցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը, քանի որ մտավախություն կա, որ ադրբեջանական կողմից վերահսկվող տարածքով անցնող ու կենսական նշանակություն ունեցող էլեկտրամատակարարման մալուխները կարող են կտրվել:
Գրաֆիտի դատարկ արկղերի կողքին:
Տեղացիներից ոմանք կատակել են ֆոտոլրագրողի հետ զրույցներում, որ եթե շրջափակումը շարունակվի, շուտով դոլարի և եվրոյի կողքին կարտոֆիլի փոխարժեքն էլ կգրվի արտարժույթի փոխանակման կետերի վահանակների վրա:
Դատարկ տուփեր Ստեփանակերտի կենտրոնում կանգառի մոտ:
Շատերի համար դժվար է կատակել շարունակվող շրջափակման մասին: Ստեփանակերտցի կինը՝ Աննա Մուրադյանը մեկն է մոտ 1100 այն մարդկանցից, ովքեր այժմ չեն կարողանում հասնել իրենց հարազատ քաղաք: Նա ստիպված է մնացել Հայաստանում՝ Երևանում իր զոհված զինվոր ամուսնու գերեզմանին այցելելուց հետո։ Նրա ամուսինը զոհվել է 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմում։ «Մի կողմից հոր կարոտն է, որն իրենց [երեխաներիս] անընդհատ խեղդում է, չեն դիմանում արդեն... հիմա էլ ավելացել է մամայի կարոտը», - «Ազատություն» ռադիոկայանին պատմել է երկու երեխաների մայրը։