Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող:
Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ «պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում»:
62-ամյա ծանր հիվանդը Արցախից շտապօգնության մեքենայով՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, Երևան էր ճանապարհվել երկու օր առաջ, մեքենաներն անցել էին դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն՝ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր, և ստանում է համապատասխան բուժում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» -ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար», - ասված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից ծանր հիվանդը շտապօգնության մեքենայով ճանապարհվել է Երևան