Ռուսաստանի ամենահին իրավապաշտպան կազմակերպությունը փակվելու իրական վտանգի տակ է

Ռուսաստան - «Մոսկովյան Հելսինկյան խմբի» ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան Պետդումայի շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացնում ընդդեմ ոչ-կառավարական կազմակերպությունների մասին օրենքի, մայիս, 2015թ.

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ «Մոսկովյան Հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը լիկվիդացնելու պահանջով։

Նման հայտ ներկայացնելու առիթը վերջերս անցկացված արտահերթ ստուգումների արդյունքներն են։ Արդարադատության նախարարությունը դատախազության պահանջով ստուգումներ է անցկացրել իրավապաշտպան կազմակերպությունում և պնդում է, որ խախտումներ է հայտնաբերել։ «Մոսկովյան Հելսինկյան խումբը» փակելու, գործունեությունն արգելելու հիմնավորումներում ՌԴ արդարադատության նախարարությունը գրել է, թե իրավապաշտպան կազմակերպությունն աշխատում է նաև իր գրանցման վայրից՝ Մոսկվայից դուրս, կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում օրենսդրության ժամանակակից պահանջներին, ստուգումների ժամանակ պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չի ներկայացվել։

Արդարադատության նախարարությունը խախտումները համարել է կոպիտ և իրավաբանորեն անուղղելի, հայտնում է իրավապաշտպան կազմակերպության կայքը։

Արդարադատության նախարարությունը համարում է, որ անհրաժեշտ է լուծարել «Մոսկովյան Հելսինկյան խումբը» և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանի տարածքում։

«Մոսկովյան Հելսինկյան խումբը» Ռուսաստանի ամենահին իրավապաշտպան կազմակերպությունն է։ Այն ստեղծվել է դեռ խորհրդային ժամանակաշրջանում՝ 1976 թվականին։ Այդ մասին հայտարարվել է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի բնակարանում հրավիրված մամուլի ասուլիսում։ Ստեղծման օրվանից իրավապաշտպան կազմակերպությունը մշտապես ենթարկվել է հետապնդումների։ Նրա անդամները ձերբակալվել են, վտարվել երկրից, զրկվել նախկին Խորհրդային Միության քաղաքացիությունից։ Պերեստրոյկայի տարիներին՝ 1989 թվականին «Մոսկովյան Հելսինկյան խումբը» վերականգնել էր իր գրասենյակը Մոսկվայում, իսկ հիմա հայտնվել է փակվելու իրական վտանգի տակ։

Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերին, ռուսական դատարանը լուծարեց մեկ այլ իրավապաշտպան հայտնի կազմակերպություն՝ «Մեմորիալը»։

Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի իշխանությունները լուծարում են իրավապաշտպան կազմակերպություններ, արգելում անկախ լրատվամիջոցների գործունեությունը, հետապնդումների են ենթարկվում բազմաթիվ անհատ իրավապաշտպաններ, լրագրողներ, պատերազմի դեմ արտահայտվող շարքային քաղաքացիներ՝ հաճախ անհեթեթ մեղադրանքներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկովյան դատարանի վճռով լուծարվում է «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը