Ուկրաինայի նախագահը հաստատել է Վաշինգտոն իր այցի մասին տեղեկությունը։
«Մեկնում եմ ԱՄՆ՝ ուժեղացնելու Ուկրաինայի դիմադրողականությունն ու պաշտպանությունը: Մասնավորապես, Ջո Բայդենի հետ կքննարկենք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների համագործակցությունը: Ես նաև ելույթ կունենամ Կոնգրեսում և մի շարք երկկողմ հանդիպումներ կունենամ», - գրել է Վլադիմիր Զելենսկին Twitter-ում։
Միացյալ Նահանգների վարչակազմը ևս հաստատել է, որ Զելենսկին այսօր կայցելի Վաշինգտոն, որտեղ ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում և կհանդիպի նախագահ Բայդենի հետ։
ԱՄՆ նախագահն իր ուկրաինացի գործընկերոջ Վաշինգտոն այցի ընթացքում կհայտարարի անվտանգության աջակցության նոր փաթեթի մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից, ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։
Գերմանական Կիլի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի հաշվարկով՝ ԱՄՆ-ն այս տարի 18,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, ինչն ավելին է, քան Կիևի մյուս դաշնակիցների հատկացրածը միասին վերցրած:
Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունն է պատերազմի տասն ամիսների ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին Բայդենին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ «աննախադեպ ռազմական և ֆինանսական օգնության համար»