Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է

Լաչինի միջանցքն արգելափակած ադրբեջանցիները և ռուս խաղաղապահները, դեկտեմբեր, 2022թ.

Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

«Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 հազար բնակչությունը, որից 30 հազարը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի», - հիշեցնում է տեղեկատվական շտաբը:

Հաղորդագրության համաձայն՝ Արցախի բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ավելի քան երկու տասնյակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, որից 13-ը երեխաներ են, Հայաստան անհապաղ տեղափոխման կարիք ունեն: 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: Արցախում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր պլանային վիրահատությունները:

«Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով», - հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: