Իրանն առաջին անգամ արձագանքում է Լաչինի միջանցքի արգելափակմանը

Պաշտոնական Թեհրանը առաջին անգամ արձագանքել է Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով:

«Մենք կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական իրականացումը կարող է վերջակետ դնել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին»,- իրանական լրատվամիջոցների հարցին ի պատասխան հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։

Սա Իրանի առաջին պաշտոնական հրապարակային արձագանքն է Լաչինի միջանցքում արդեն 9 օր շարունակվող շրջափակմանը: