Արցախի արտաքին գործերի նախարարությունը դիմում է միջազգային հանրությանը՝ Արցախի ապաշրջափակման համար համարժեք գործիքակազմ կիրառելու խնդրանքով։ Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Արցախի արտաքին գերատեսչությունը շրջափակման օրվանից առ այսօր բազմաթիվ նամակ-դիմումներ է հղել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների՝ տեղեկատվություն տրամադրելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հայցելով համապատասխան աջակցություն՝ Արցախի ապաշրջափակման համար, նշում է ԱԳՆ-ն:
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
«Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից և կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։
Ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության տրամաբանական շարունակությունն է», - հայտարարում է պաշտոնական Ստեփանակերտը։
Արցախի ԱԳՆ-ն ընդգծում է՝ Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և «անվերապահորեն պետք է արժանանա կոշտ արձագանքի»։
Իններորդ օրն է՝ իրենց բնապահպան անվանող ադրբեջանցիները միջանցքի Շուշի-Քարինտակ հատվածում են:
Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում կեսգիշերն անց կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: