Reuters. «ԵՄ-ը համաձայնեցրել է ներկրվող գազի առավելագույն թույլատրելի գինը»

Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունների էներգետիկայի նախարարները քիչ առաջ՝ Բրյուսելում մոտ վեց ժամ շարունակված դռնփակ քննարկումներից հետո, համաձայնեցրել են Եվրոպա մատակարարվող գազի առավելագույն թույլատրելի գինը։

Reuters գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ որպես Եվրոպա մատակարարվող գազի առավելագույն գին սահմանվել է 180 եվրոն մեկ մեգավատի կամ 1800-ից 2000 եվրոն՝ հազար խորանարդ մետր գազի դիմաց։

ԵՄ մատակարարվող գազի առավելագույն թույլատրելի գին սահմանելու որոշման շուրջ քննարկումները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ՝ լուրջ տարաձայնությունների տեղիք տալով։ Գերմանիան, Ավստրիան և Նիդերլանդները ընդհանրապես դեմ են գազի առավելագույն թւոյլատրելի գնի սահմանմանը՝ պնդելով, որ նման քայլը կարող է խաթարել մայրցամաքի էներգետիկ շուկայի բնականոն աշխատանքը։

Նախապես ենթադրվում էր, որ գազի առավելագույն թույլատրելի գնի սահմանումը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Reuters-ի տեղեկություններով, սակայն, այդ ժամկետը հետաձգվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը։