Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը զարմանք և ափսոսանք է հայտնել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ Լիտվայի ԱԳՆ հայտարարության կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության, ասել է, որ «անհրաժեշտ է հարգել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների խաղաղ և օրինական բողոքը»։
«Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր չկա», - նշել է նա։
Անցած ուրբաթ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունը խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:
«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցրել է ծանր հումանիտար հետևանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժին, այլև շեղում են Հարավային Կովկասում խաղաղության ողջ գործընթացը»,- հայտարարել էր պաշտոնական Վիլնյուսը:
Ադրբեջանական կողմը նաև հերքել է Կանադայի հայտարարությունը: Օտտավան կոչ էր արել Ադրբեջանին բացել միջանցքն ու ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար հետևանքներից։
Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։