Ակնկալում ենք, որ գործնական քայլեր պետք է կիրառվեն Ադրբեջանին պատժելու համար. Արտակ Բեգլարյան

Արդեն 4-րդ օրն է՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև շարունակում են նստացույցը. ՄԱԿ-ից ակնկալում են միջազգային երկարաժամկետ երաշխիքներ Արցախի անվտանգության համար։

«Հետագայում արդեն տարբեր ձևերով պայքարելու ենք նաև, որ կանխարգելենք նմանատիպ դեպքերի կրկնությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է միջազգային պատշաճ արձագանք ու երաշխիքներ, որն իմ կարծիքով՝ հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հնարավոր որոշումը կարող է լինել, քանի որ դա նշանակում է միջազգային հանրության փոխհամաձայնեցված կոնսենսուսային դիրքորոշում և քայլ՝ ներառելով տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր գերտերությունները և նաև, որը պետք է համագործակցային լուծում լինի Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև», - ասաց Բեգլարյանը։

ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող անկախ հետազոտական կենտրոնը երեկ հաղորդեց, որ Ֆրանսիայի առաջարկով Անվտանգության խորհրդի անդամները փակ ռեժիմով քննարկելու են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։

Այսօր էլ Միացյալ նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը կոչ արեց հնարավորինս շուտ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ընդգծելով՝ դրան հասնելու ճանապարհը բանակցություններն են։

«Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ ծանր հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը: Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղում բնական գազը վերականգնվել է. Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հումանիտար ճգնաժամ առաջացնել: Եվ մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը», - հայտարարել է Վեդանտ Պատելը:

Այս օրերին մի շարք երկրներ Բաքվին ուղղված՝ Լաչինի միջանցքը բացելու ուղիղ կոչեր են հնչեցնում։ Քանի դեռ միջանցքը չի բացվել, Արցախի նախկին պետնախարարը արդյունավետ չի համարում որևէ երկրի ջանք

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է միջազգային ճնշման արդյունքում. Արտակ Բեգլարյան

«Բայց դրական եմ համարում, որ տարբեր երկրներ, հատկապես գերտերությունները, նաև ՄԱԿ-ը անդրադարձել է այս հարցին՝ հստակ, երբեմն հասցեական դիրքորոշում է հայտնել և կոչ արել, որ Ադրբեջանը վերացնի շրջափակումը։ Բայց մյուս կողմից մենք ակնկալում ենք, անձամբ ես որպես քաղաքացի էլ, որ գործնական քայլեր պետք է կիրառվեն Ադրբեջանին պատժելու համար, որովհետև սա ո՛չ առաջին անգամն է, ո՛չ 10-րդ անգամ է, որ Ադրբեջանը կոպտագույն դիտավորյալ խախտումներ է իրականացնում մարդու իրավունքների։ Զուտ անպատժելիությունն է ծնում հետագա ավելի խորը, ավելի մեծ խախտումները։ Այդ պատճառով հենց այս խախտումը պետք է պատժվի, օրինակ՝ պատժամիջոցներով, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ շատ հստակ կարմիր գծեր է խախտում, որ անթույլատրելի է միջազգային հանրության համար», - ընդգծեց Բեգլարյանը։

«120 հազար մարդ զրկված է աշխարհի հետ կապից, սա որպես գնահատական պետք է ասենք, որ հանցագործություն է մարդկության դեմ», - նշեց Գեղամ Ստեփանյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է՝ այս օրերին տեղի ունեցող ակցիաները նպատակ ունեն հնարավորինս բազմապատկելու միջազգային հանրության արձագանքն ու ուշադրությունը՝ Արցախում առկա իրավիճակին։

«Ցավոք սրտի, և՛ 30 տարի մինչև 44-օրյա պատերազմը, և՛ պատերազմից հետո շարունակում ենք անտեսված մնալ աշխարհի կողմից։ Այսինքն՝ հայտարարվում է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, բայց փաստը փաստ է, որ Արցախում ապրող իրավունքների մասին բացի Արցախից, բացի Հայաստանից և հայկական սփյուռքից այլ մարդիկ մտահոգված չեն։ Այդ կոչերն ու հայտարարությունները, իհարկե, շատ լավ են, ես շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր որ արձագանքել են, բայց ես իրապես սպասում եմ, որ իրական գործիքներ պետք է կիրառվեն։ Եթե կարելի է այլ հակամարտությունների պարագայում մոբիլիզացնել միջազգային ռեսուրսներն ու պաշտպանել մարդու իրավունքները, ուրեմն պետք է այս պարագայում դա տեղի ունենա», - ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։

Լաչինի միջանցքի բացման պահանջով բողոքի ակցիաներն այսօր էլ շարունակվեցին։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքով՝ մայրաքաղաքային բուժման կարիք ունեցողները մնացել են կա՛մ հիվանդանոցներում, կա՛մ տներում։ Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա իրականացրին նաև բժիշկները։