Ալիև. «Ադրբեջանը 2023-ին կարտահանի 24 միլիարդ խորանարդ մետր գազ»

Հունգարիան, Ադրբեջանը, Ռումինիան և Վրաստանը ստորագրում են էներգետիկայի բնագավառում համաձայնագիրը, Բուխարեստ, 17 դեկտեմբերի, 2022թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի ընթացքում Ադրբեջանը կարտահանի մոտ 24 միլիարդ խորանարդ մետր գազ, դրանից 11 միլիարդ 600 միլիոնը կփոխադրվի Եվրոպա: Այդ մասին նա ասել է Բուխարեստում, որտեղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ գումարվել է էներգետիկայի հարցով համաժողով:

Բուխարեստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կնքել են «կանաչ» էներգետիկայի բնագավառում համագործակցության պայմանագիր:

«Անցյալ տարի մենք 8.2 միլիարդ խորանարդ մետր ենք փոխադրել, այս տարի՝ 11.3 միլիարդ, իսկ հաջորդ տարի Եվրոպա կարտահանենք առնվազն 11 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր գազ»,- հավաստիացրել է Ալիևը: