Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը մեկնաբանել է Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական եղանակով կարգավորելու հարցը:
«Կոնֆլիկտների մեծ մասն ավարտվում է բանակցություններով, բայց դրա համար Ռուսաստանի կողմից լուրջ մոտեցում է պահանջվում: Մենք առնվազն այս պահին նման բան չենք տեսնում, ռուսական կողմը բանակցելու լուրջ մտադրություն չի դրսևորում», - ասել է ԿՀՎ-ի տնօրենը PBS հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում:
Ավելի քան մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 14-ին, Անկարայում Թուրքիայի ազգային հետախուզական վարչության կենտրոնակայանում տեղի է ունեցել Բըրնսի և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպումը:
Վաշինգտոնը հայտնել է, որ այդ հանդիպման նպատակն էր պահպանել անվտանգության ասպարեզում երկու գերտերությունների շփումները:
Սպիտակ տունն ընդգծել է, որ առանց Ուկրաինայի մասնակցության Ուկրաինային առնչվող հարցեր չի քննարկում: