Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու համար, նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Ռուսական կողմի երեկ տարածած տեղեկագրում նշված է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։