«Կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ հավելելով՝ դրան հասնելու ճանապարհը բանակցություններն են:
Պատելն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր հումանիտար հետևանքներ կարող է ունենալ և հետ է մղում խաղաղության գործընթացը:
«Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղում բնական գազը վերականգնվել է: Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հումանիտար ճգնաժամ առաջացնել», - ասել է ԱՄՆ պաշտոնյան:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Վեդանտ Պատելը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը մեծ հետաքրքրություն ունի և ուշադրություն է դարձնում այս հարցին. «Մենք շարունակելու ենք խորապես ներգրավված մնալ գործընթացին և ավարտին հասցնել այն»։
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել