Դալիչ. «Մարոկկոյի հավաքականում բարձր որակներով, բարձր ոգով ֆուտբոլիստներ են, բարդ խաղ կլինի»

Խորվաթիայի հավաքականի մարզիչ Զլատկո Դալիչը, Քաթար:

Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականը պատրաստվում է Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար Մարոկկոյի հետ դեկտեմբերի 17-ին կայանալիք խաղին: Խորվաթների մարզիչ Զլատկո Դալիչը գովեստով է խոսել մրցակիցների մասին:

«Մարոկկոն հիշեցնում է մեր թիմը 4.5 տարի առաջ: Ոչ ոք չէր սպասում, որ Մարոկկոն այդքան առաջ կգնա: Նրանց թիմում բարձր որակներով, բարձր ոգով ֆուտբոլիստներ են, նրանք միասնական են, հանդիպումից հանդիպում նրանք ավելի լավ էին խաղում, դա կլինի բարդ խաղ»,- ասել է Դալիչը:

Խորվաթիան նախորդ առաջնությունում վաստակել է արծաթե մեդալները: Մարոկկոն արաբական և աֆրիկյան թիմերից առաջինն է, որը կարողացել է հասնել կիսաեզրափակիչ: Քաթարում խմբային փուլում Մարոկկո-Խորվաթիա հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով:

Կիրակի օրը Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները կմրցեն Աշխարհի գավաթի համար, և այդ եզրափակիչով Քաթարում ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կավարտվի: