Հյուսիսային Կորեան փորձարկել է միջմայրցամաքային հրթիռի հզոր շարժիչ

Հրթիռի փորձարկում, արխիվ, Հյուսիսային Կորեա:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրում փորձարկել են ռազմական հրթիռների նոր շարժիչ, որը, փորձագետների համոզմամբ, կարող է բեկումնային առաջընթաց դառնալ նոր միջմայրցամաքային հրթիռներ ստեղծելու գործում:

Կոշտ վառելիքով աշխատող բարձր մղման շարժիչի փորձարկմանը ներկա է եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:

Փհենյանը հայտնել է, որ դա երկրում փորձարկված առաջին նմանօրինակ շարժիչն է: 2016 թվականին Հյուսիային Կորեան ավելի փոքր հզորության բարձր մղման շարժիչ է փորձարկել:

Հյուսիսկորեական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Կիմ Դան Հուբի փոխանցմամբ, չի կարելի բացառել, որ Փհենյանը մեկ տարվա ընթացքում կփորձարկի նաև այդ նոր շարժիչով աշխատող հրթիռը:

Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների փորձագետների կարծիքով, Հյուսիսային Կորեան կարող է առաջիկայում միջուկային փորձարկում անցկացնել:

Դա կլինի 7-րդը հյուսիսկորեական միջուկային զենքի ստեղծման պատմության ընթացքում և առաջինը 2017 թվականից ի վեր: