Արցախի ժողովուրդը բաց է ցանկացած հարցի, խնդրի քննարկման, ազատ երկխոսության համար, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մենք անընդունելի ենք համարում պարտադրանքի, հարկադրանքի, ուժի ցուցադրման ու կիրառման սպառնալիքի գործադրումը և կոչ ենք անում վերջնականապես հրաժարվել արցախյան ազատագրական պայքարի մեկնարկի պատճառ դարձած և Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս հանդիսացող՝ Արցախը հայաթափելու գաղափարից», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ «Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմված օրակարգով» շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը՝ այդկերպ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև:
Արցախի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Սփյուռքին, ինչպես նաև՝ ռուս խաղաղապահներին՝ «իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար»:
«Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գիտակցված քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի հումանիտար խնդիրները մեղմելուն, շարունակելու ենք մեր պայքարը և երբեք չենք լինելու Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու կամ նրա հեղինակությանը վնաս հասցնելու գործիք, քանզի վստահ ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա է խնդիրները դիվանագիտորեն և երկխոսության ճանապարհով հանգուցալուծելու անբեկանելի կամք», - նշել է նա:
Լաչինի միջանցքը փակ է արդեն 5 օր։ Մի քանի օր էլ՝ 70 ժամ գազ չկար Արցախում. այսօր հայտարարվեց, որ Ադրբեջանը բացել է գազատարի փականը:
Այսօր առավոտյան ադրբեջանցի ցուցարարները մի պահ հետ են քաշվել՝ ռուս խաղաղապահների բեռներ տանող մի քանի մեքենաների համար: Ադրբեջանական լրատվամիջոցները ազդարարեցին, թե խաղաղ ցուցարարները ճամփա են բացել հայերի համար նախատեսված հումանիտար օգնության առջև, Արցախի կառավարությունից հերքում են՝ որևէ օգնություն արցախցիները չեն ստացել, ճանապարհն իրենց համար մնում է փակ: