Ավելի քան 16 հազար բելգիացիներ բողոքի ցույցով պահանջում են աշխատավարձի և թոշակի բարձրացում

Բողոքի ցույց աշխատավարձը և թոշակը բարձրացնելու պահանջով, Բրյուսել, 16 դեկտեմբերի, 2022թ.

Հազարավոր մարդիկ այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ցույց են անցկացրել և բողոք հայտնել գնաճի դեմ:

Ըստ ոստիկանների, այդ ակցիային մասնակցել է մոտ 16 և կես հազար մարդ: Ցուցարարները պարզել են «Բարձրացրեք աշխատավարձը և թոշակը» գրությամբ պաստառներ:

«Երբ տուն ես գնում, այնտեղ երեխաներդ են քեզ սպասում, ուզում ես՝ տաք լինի, մենք չպետք է անընդհատ հաշվենք ջեռուցման ծախսը, դա մեր աշխատավարձից մեծ բաժին է պոկում: Հետո մտածում ես բենզինի, հարկերի, մեքենայի, տան վարձի մասին: Երբ ամեն բան գումարում ես, հասկանում ես, որ պետք է ընտրես՝ մեկնե՞լ հանգստի, ջեռուցե՞լ տունը, սնվե՞լ: Այդ ամենը միասին 2022-ին անհնար է»,- ասել է ցույցին մասնակցելու համար Շառլեռուայից ժամանած Ջենիֆեր Ժերարը:

Բելգիայում գազի և հոսանքի գներն աճել են Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո: Սղաճը հասել է 10 տոկոսի: