Բեռլինում պայթել է աշխարհում ամենամեծ ակվարիումը, սատկել է ավելի քան 1500 ձուկ

Գերմանիա - Արտակարգ իրավիճակների ծառայությունը Radisson հյուրանոցում, Բեռլին,16-ը դեկտեմբերի, 2022թ.

Բեռլինում՝ Radisson հյուրանոցային համալիրի տարածքում պայթել է աշխարհում ամենամեծ ակվարիումը:

14 մետր բարձրությամբ այդ գլանաձև ապակեպատ թափանցիկ ակվարիումում եղել են ավելի քան մեկևկես հազար տարբեր տեսակների, այդ թվում՝ արևադարձային հազվագյուտ ձկներ: Դրանք բոլորը սատկել են:

Ակվարիումով Radisson-ը գտնվում է Բեռլինի հանրահայտ Ալեքսանդրպլաց հրապարակի մոտակայքում:

Պայթյունից դուրս է թափվել ավելի քան մեկ միլիոն լիտր ջուր: Ենթադրվում է, որ ակվարիումը նախ ճաքել է, ապա ջերմաստիճանի կտրուկ իջեցման հետևանքով պայթել:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության հարյուրավոր աշխատակիցներ, հրշեջներ և ոստիկաններ:

Միջադեպի պահին հյուրանոցում եղել է մոտ 350 կենվոր: Նրանցից երկուսն ապակու բեկորներից վնասվածք են ստացել:

Հրշեջները և ոստիկանները բոլոր կենվորներին կարգադրել են շտապ հավաքել իրերը և հեռանալ Radisson-ից: