Այսօր Կիևում և ուկրաինական տասնյակ այլ բնակավայրերում հուժկու պայթյուններ են որոտացել:
Ռուսները վաղ առավոտյան հերթական անգամ հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգահամակարգի հիմնարկներին: Ուկրաինայի երկաթուղու մի շարք հատվածներ հոսանքազրկվել են:
Կիևից բացի հրթիռակոծվել են Խարկովը, Օդեսան, Վիննիցան, Դնեպրը, Զապորոժիեն և Կրիվոյ Ռոգը:
Նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն ասել է, թե ենթադրվում է, որ Կրիվոյ Ռոգում մի խումբ բնակիչներ մնացել են հրթիռակոծված բնակելի շենքի ավերակների տակ:
Ըստ տեղական իշխանության, Կրիվոյ Ռոգում զոհվել է առնվազն երկու և վիրավորվել է ևս հինգ մարդ:
Ռուսաստանը հայտարարել է, թե Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքն օրինական թիրախ է, քանի որ դրա ոչնչացումը թույլ է տալիս նվազեցնել Ուկրաինայի բանակի դիմադրությունը:
Կիևը և արևմտյան մայրաքաղաքները քաղաքացիական ենթակառուցվածքի թիրախավորումը պատերազմի հանցագործություն են որակում: