Ադրբեջանի կողմից տրանսֆորմատորների և գեներատորների մատակարարումն Ուկրաինային «որպես մարդասիրական օգնություն» տարակուսանք է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՌԴ արտգործնախարարության անանուն դիվանագիտական աղբյուրը։
«Բաքվի կողմից նման քայլը տարակուսելի է», - ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում պետական գործակալությունը։ «Ադրբեջանական մատակարարումները, որոնք դժվար թե սկզբունքորեն փոխեն իրավիճակը, չեն համապատասխանում մարդասիրական օգնությանը», - հավելել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Անանուն պաշտոնյան վկայակոչել է որոշ ադրբեջանցի փորձագետների պնդումները, որոնց համաձայն՝ Կիևին մատակարարվող սարքավորումները պահանջարկ ունեն հենց Ադրբեջանում։
Անցած շաբաթ պաշտոնական Բաքուն հայտնել է, որ տասնյակ տրանսֆորմատորներ և գեներատորներ է ուղարկում Ուկրաինա ՝ ի պատասխան Կիևի օգնության կոչերի։ Տարբեր գնահատականներով՝ ադրբեջանական օգնության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 800 հազար դոլար: