Եվրախորհրդարանի արդեն նախկին փոխնախագահ Եվա Կաիլին առնվազն մինչև առաջիկա շաբաթ կմնա բելգիական բանտում։ AFP-ի տեղեկություններով, քիչ առաջ նման որոշում է կայացրել Բրյուսելի դատարանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգիայում ձերբակալվել է Եվրախորհրդարանի ղեկավարությանը մոտ կանգնած առնվազն չորս հոգիԵվրախորհրդարանի բարձրաստիճան անդամների դեմ սկիզբ առած ոստիկանական գործողության մասին առաջին տեղեկությունները ի հայտ եկան անցած շաբաթավերջին, երբ հայտնի դարձավ,որ բելգիացի իրավապահները Բրյուսելում միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել 16 հասցեներում։
«Այդ խուզարկությունների ընթացքում համեմատաբար խոշոր գումարներն են հայտնաբերվել, ինչը մեզ համար անակնկալ էր։ Խուզարկված տներից մեկում մենք կանխիկ գումար հայտնաբերեցինք՝ 600 հազար եվրո։ Մեկ այլ տանը, որ պատկանում է Եվրախորհրդարանի անդամներից մեկին, հայտնաբերել ենք ևս 150 hազար եվրո», - հայտարարել էր Բելգիայի դաշնային դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Վան Դույսեն։
Եվրախորհրդարանում ծագած սկանդալի գլխավոր գործող անձը այս կառույցի արդեն նախկին փոխնախագահ, Հունաստանի սոցիալիստական կուսակցության անդամ Եվա Կաիլին է։ Մի շարք աղբյուրների փոխանցմամբ, նրան և գործով անցնող ևս երեք հոգու կասկածում են երրորդ պետության շահերից բխող գործունեություն ծավալելու մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոռուպցիոն սկանդալ Եվրախորհրդարանում«Հետաքննությունը առնչվում է այն կասկածներին, որ վերաբերում են Պարսից ծոցի պետություններից մեկի ներկայացուցիչների և Եվրախորհրդարանի անդամների միջև ձևավորված կոռուպցիոն հարաբերություններին։ Տրված կաշառքների նպատակն էր Եվրախորհրդարանում Պարսից ծոցի այդ պետության օգտին տնտեսական, ֆինանասկան և քաղաքական որոշումների կայացումը», - հայտարարել էր բելգիական դատախազության ներկայացուցիչը։
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ քննիչների կողմից հիշատակված Պարսից ծոցի պետությունը Կատարն է։ Ուշագրավ է ի դեպ, որ խուզարկություններն իրականացվեցին Կատարի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմ հաստատելու հարցով Եվրախորհրդարանում նախատեսված քվեարկությունից մի քանի օր առաջ։ Այժմ սակայն, ըստ Politico հանդեսի եվրոպական տարբերակի, այս հարցի քննարկումը խորհրդարանում սառեցվել է։
Reuters գործակալությունն էլ բացահայտել է Եվրախորհրդարանի հույն փոխնախագահ Կաիլիից բացի այս գործով անցնող մյուս անձանց ինքնությունը, որոնք ի դեպ բոլորն Իտալիայի քաղաքացիներ են։
«Մեղադրանք է առաջադրվել Եվրախորհրդարանի նախկին անդամ Պիեր Անտոնիո Պանցերիին, Միջազգային արհմիությունների համադաշնության ղեկավար Լուկա Վիսենտինիին և Եվա Կաիլիի զուգընկերոջը՝ Ֆրանչեսկո Ջիորջիին, որը նաև Եվրախորհրդարանի փոխնախագահի օգնականն էր», - գրում է Reuters-ը՝ հավելելով, որ վերը հիշատակված անձնանցից և ոչ մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք արդեն մի քանի օր է չեն պատասխանում էլեկտրոնային նամակներին և հեռախոսազանգերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աթենքը սառեցրել է Եվրախորհրդարանի հույն փոխնախագահի ունեցվածքըՍկանդալի գլխավոր դերակատարին՝ Եվա Կաիլիին Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնից հեռացրեցին երեկ երեկոյան հրավիրված լիագումար նիստի ընթացքում։ Շաբաթակսզբին նրա հայրենի կուսակցությունը՝ «Համահունական սոցիալիստական շարժումը» (PASOK) արդեն իսկ Կաիլիին հեռացրել էր իր շարքերից՝ տեղի ունեցածը «տհաճ անակնկալ» որակելով։ Դրան էլ գումարած Հունաստանի կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարեց Եվրախորհրդարանի փոխնախագահի՝երկրի տարածքում գտնվող ունեցվածքը սառեցնելու մասին։
Ինքը Եվա Կաիլին ներկայացված բոլոր մեղադրանքները կտրականապես հերքում է։ Մի քանի օր տևած լռությունը 44-ամյա հույն քաղաքական գործիչը խախտեց իր փաստաբանի միջոցով, որի խոսքից պարզ է դառնում, որ Կաիլիին ներկայացվող գլխավոր մեղադրանքներից մեկը այս տարվա աշնանը Դոհա կատարած նրա այցն է։
«Ես զրուցել եմ տիկին Կաիլիի հետ և նա նշում է, որ Կատար այցելելը ոչ թե իր անձնական, այլ Եվրախորհրդարանի որոշումն էր, որն իր հերթին համաձայնեցվել էր Եվրահանձնաժողովի և ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորելի աշխատակազմի ներկայացուցիչների հետ», - հայտարարել էր Կաիլիի փաստաբան Միխալիս Դիմիտրակոպուլոսը։
«Իմ պաշտպանյալի մոտ այնպիսի զգացողություն կա, որ իրեն պարզապես դավաճանել են։ Սկզբում այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե նա իբր Կատարի հետ շփումներում ինչ-որ անձնական օրակարգ է ունեցել, այժմ էլ ահա ակնարկում են, թե նա կաշառք էր վերցնում», - նշում է Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահի փաստաբանը։
Նշեմ ի դեպ, որ Կաիլիից և նրա մերձավոր շրջապատից բացի, հետաքննության ընթացքում շոշափվում են Եվրախորհրդարանի ևս չորս սոցիալիստ պատգամավորների՝ իտալացիներ Պյետրո Բարտոլոյի և Անդրեա Կոզոլինոյի ինչպես նաև բելգիացիներ Մարիա Արենայի և Մարկ Տարաբելայի անունները։ Սոցիալիստական խմբակցությունը պատգամավորներին կոչ է արել լքել Եվրախորհրդարանի կառույցներում զբաղեցրած կարևոր պաշտոնները՝ հաշվի առնելով նրանց անվան հետ կապվող հետաքննության առկայությունը։ Պատգամավորներից մեկը՝ բելգիացի Մարկ Տարաբելան սակայն բոլոր մեղադրանքները հերքում է՝ պնդելով, որ իր քաղաքական գործունեության որևէ դրվագի համար չի ամաչում։