Բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները. Արցախի ԱՆ

Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները, հայտարարում է Առողջապահության նախարարությունը։

Բուժհաստատություններում, ըստ հայտարարության, ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա։ Այս պահին Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

«Կան բժշկական հաստատություններ, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով (այս պահին խնդիր չկա, բայց պաշարները սուղ են), բայց կան նաև բժշկական հաստատություններ, որոնք գազամատակարարման արգելափակման հետևանքով ջեռուցումը իրականացնում են էլեկտրատաքացուցիչներով», - նշված է հաղորդագրությունում։

Արցախի տեղեկատվական շտաբը դեկտեմբերի 12-ին հայտարարեց, որ առավոտից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Երեկ երեկոյան էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը: