Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե ՀՕՊ համակարգի ստորաբաժանումները ոչնչացրել են մայրաքաղաք Կիևը թիրախավորած «Շահեդ» տեսակի իրանական արտադրության բոլոր 13 ԱԹՍ-ները:
«Բոլորին առողջություն եմ մաղթում: Ահաբեկիչներն [ռուսական բանակը] այս առավոտյան «Շահեդ» տեսակի 13 դրոն են արձակել: Ըստ նախնական տեղեկությունների, բոլոր 13 ԱԹՍ-ները ոչնչացվել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ջանքերով: Ապրե՛ք, հպարտանում եմ ձեզնով: Սիրելի հայրենակիցներ, մենք երախտապարտ ենք մեր ՀՕՊ-ին, խնդրում եմ, մի անտեսեք հակաօդային տագնապի ազդանշանները»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքի Շևչենկովսկի թաղամասում պայթյուններ են որոտացել և դրոնների գրոհին երկու վարչական շենք է ենթարկվել:
Այդ թաղամասում գտնվում են մի շարք համալսարաններ, պատկերասրահներ և ռեստորաններ: Բնակելի թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել: Վաղ առավոտյան Կիևում երկու ժամ շարունակ օդային տագնապի շչակների ձայնն է լսվել: