Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերությունը հայտարարում է, որ «Բաքուն կապ չունի ռուս խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում գազի մատակարարման դադարեցման հետ»։
APA գործակալությունը, վկայակոչելով ընկերության հայտարարությունը, նշում է, որ հայկական մամուլում տարածվող տեղեկությունները, թե Ադրբեջանն է դադարեցրել կապույտ վառելիքի մատակարարումը «սադրիչ բնույթ ունեն»։
Ընդգծելով, որ այդ հատվածն ընդգրկված չէ Ադրբեջանի գազամատակարարման համակարգում՝ «Ազերիգազ»-ը միևնույն ժամանակ նշել է, որ «ներկայումս Ադրբեջանի այլ լեռնային և նախալեռնային շրջաններում ցուրտ եղանակային պայմանների պատճառով գազատարների շահագործման խափանումներ են լինում»։
Երեկ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝ շեշտելով՝ «եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։
Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում գազով ջեռուցվող կրթական հաստատություններն այսօրվանից անորոշ ժամանակով կփակվեն