Օրեր առաջ պաշտոնական Բաքուն հաստատեց` թուրքական բանակի գեներալը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական: BBC-ն ուսումնասիրել է` ով է նա, ինչ նպատակով է գործուղվել Բաքու և ինչով է աչքի ընկել մինչ այդ:
Թուրք գեներալ Բահթիյար Էրսայը ադրբեջանական զինուժի տեսանյութերում ու պաշտոնական հաղորդագրություններում երևում էր դեռ երկու տարի առաջ. 44-օրյա պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի նախագահը այցելել էր ԶՈՒ օպերատիվ ղեկավարման կենտրոն, լրագրողները առանձնացրել էին թուրք գեներալին Ալիևի առջև ոտքի կանգնողների թվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Անկարան համատեղ կարձագանքեն սպառնալիքներին. Հուլուսի ԱքարԱմիսներ անց էլ, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել էր Բաքու, Բահթիյար Էրսային նկատել էին ոչ թե թուրքական պատվիրակության, այլ` դիմավորողների թվում` ադրբեջանական բանակի հանդերձանքով: Փորձագետներից շատերն էին եզրակացրել` նա գործուղվել է Բաքու` ադրբեջանական բանակին օգնելու նպատակով: Հիմա արդեն այդ ենթադրությունները հաստատվում են պաշտոնապես:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, անցած շաբաթավերջին հաղորդեց, որ թուրք գեներալը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական: Նույն հաղորդագրության մեջ նշվում էր` թուրք գեներալը մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին ու պատմել` ինչ աշխատանքներ է կատարում ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու համար և ինչ բարեփոխումներ է ծրագրում Ադրբեջանի զինված ուժերում:
Հասանովի խորհրդական նշանակվելուց առաջ Էրսայը զինվորական աստիճանի բարձրացում էր ստացել, թե կոնկրետ որ առաջադրանքների համար` պաշտոնական աղբյուրները չէին նշել: Գեներալի մասին հրապարակումներից դատելով` նա հարուստ, դրամատիկ զարգացումներով լի կենսագրություն ունի. BBC-ն, օրինակ, նշում է, որ 2011-ին նա երեսուն ամիս նստել է թուրքական բանտում` պետական հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով, հետո` առայժմ անհայտ հանգամանքներում, վաղաժամ ազատ արձակվել ու վերադարձել բանակ:
Ըստ հաղորդումների, տարիներ առաջ նա էր ղեկավարել Իրաքի հետ սահմանին Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ գործողությունները, հետո էլ բարեհաջող կերպով գլուխ բերել Թունիսից հազարավոր թուրքերի տարհանումը` «արաբական գարնան» օրերին: Վերջին տարիներին Էրսայը Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետն էր: Ըստ BBC-ի աղբյուրների, ադրբեջանական բանակում ևս նա զբաղվելու է ցամաքային ուժերի կառուցվածքային բարեփոխումներով:
«Նպատակն է Ադրբեջանի ու Թուրքիայի բանակները բերել միևնույն չափանիշների», - ասել են ադրբեջանցի ռազմական փորձագետները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանինԵրկու երկրները պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, անցած տարի էլ նախագահներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում հռչակագիր էին ստորագրել, որով պարտավորվել էին մեկը մյուսին ռազմական օգնություն ցուցաբերել արտաքին ագրեսիայի ժամանակ:
«Այդ փաստաթուղթը ռազմական դաշինքի մակարդակի բարձրացրեց թուրք֊ադրբեջանական հարաբերությունները», ֊ BBC-ին ասել է ռազմական փորձագետ, նախկինում Ադրբեջանի ՊՆ աշխատակից Ազատ Իսազադեն:
Վերջինս միաժամանակ փաստել է, որ երկու բանակներից մեկը ՆԱՏՕ֊ի անդամ է, և հարյուրավոր չափորոշիչներ կան, որոնք տարբեր են` մարտավարական հնարքներից մինչև զինվորական ստորաբաժանումների ձևավորում ու ռադիոկապ:
«Էրսայի նշանակման նպատակն է հենց վերացնել այս տարբերությունները», - ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետը:
BBC-ն, իր հերթին, փաստում է, որ ադրբեջանական բանակի այս բարեփոխումները նշանակություն կունենան ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար:
«Ադրբեջանը հակամարտության մեջ է Հայաստանի հետ, միաժամանակ, բարդ հարաբերություններ ունի նաև երկու հարևանների` Իրանի ու Ռուսաստանի հետ», - փաստում է BBC-ն, հիշեցնելով, որ վերջերս Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնածավալ զորավարժություններ էին անցկացրել հենց Իրանի հետ սահմանակից շրջաններում: Այդ վարժանքներին, ի դեպ, մասնակցել էին թուրքական բանակի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում` գեներալ֊գնդապետ Բահթիյար Էրսայը: