«Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է». Արցախի ԱԳՆ

Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ ընդգծելով. «Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության խոչընդոտմանը»։

«Ինչպես միշտ, Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի երաշխավորում Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը», - ասված է հաղորդագրությունում։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է «պաշտոնական Բաքվի նման պահվածքը և կոչ անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու և արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ»։

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն ադրբեջանցիները առավոտից դարձյալ փակել են, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել ու թեյ են խմում: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ ու պահանջում են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրել Վոլկովին: