Անհերքելի է ԵՄ առաքելության ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
«Հայաստանը բարձր է գնահատում EUMCAP-ի աշխատանքը և կարծում է, որ քանի որ իրավիճակը շարունակում է մնալ շատ փխրուն և Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը շատ մեծ է, առաքելությունը պետք է շարունակի տեղում կատարել իր շատ կարևոր դերը», - հավելել է Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Հարավային Կովկասում լարվածության աճին, Հայաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը, ոչ միայն շարունակաբար սպառնում է կրկին ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ, այլև ագրեսիայի մի քանի գործողություն է կատարել՝ բռնազավթելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 140 քառ. կմ տարածք։
«Ավելին, անցնող տարվա ընթացքում Ադրբեջանը մշտապես փորձեր էր անում էթնիկական զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղի մնացած 120.000 մարդկանց հանդեպ՝ սպառնալով կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շահագործմանը, ինչը համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Իր ռազմատենչ հռետորաբանությամբ և ուժի կիրառման սպառնալիքով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների», - հայտարարել է Հովհաննիսյանը։
Նա ընդգծել, որ, «նպատակ ունենալով նպաստել մեր տարածաշրջանի անվտանգությանը, Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է որոշակի կարմիր գծեր սահմանեն»՝ շարունակելով. - «Ուժի կիրառումից զերծ մնալը պետք է լինի բացարձակ կարմիր գիծ, և այս առնչությամբ երկկողմանի (երկու կողմերին հավասարապես ուղղված) հայտարարությունները, ըստ էության, միայն խրախուսում են ագրեսորին շարունակել իր գործողությունները»։
«Մենք բարձր ենք գնահատում այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնել ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Ոչ պակաս կարևոր է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի ամբողջական դուրսբերման շարունակական պահանջը։ Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում առանց այն էլ փխրուն խաղաղությանն ու կայունությանը», - նշել է ԱԳ նախարարի տեղակալը։