Եվրամիության ղեկավարությունը խիստ մտահոգված է Եվրախորհրդարանում ծագած կոռուպցիոն սկանդալի առթիվ։ Այդ մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը՝ մեկնաբանելով բելգիական ոստիկանության կողմից անցած շաբաթավերջին Բրյուսելում իրականացված գործողությունները։
Դրանց ընթացքում ընդհանուր առմամբ 16 խուզարկություն է իրականացվել, առգրավվել է 600 հազար եվրո, չորս մարդ բերման է ենթարկվել, նրանցից երկուսը կալանավորվել են։
Բելգիացի իրավապահների պնդմամբ՝ Եվրախորհրդարանի ղեկավարներից մի քանիսը, այդ թվում՝ կառույցի փոխնախագահ, հույն սոցիալիստ Եվա Կաիլին, կանխիկ գումար և թանկարժեք նվերներ են ստացել Կատարի ներկայացուցիչներից։
Reuters-ի տեղեկություններով՝ բելգիական ոստիկանության գործողությունն իրականացվել է Եվրախորհրդարանում նախատեսված քննարկումներից մի քանի օր առաջ։ Դրանց ընթացքում եվրոպացի խորհրդանականները քվեարկության են դնելու Կատարի, Օմանի, Քուվեյթի և Էկվադորի քաղաքացիների համար ԵՄ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը։
«Հաշվի առնելով ծագած կոռուպցիոն սկանդալը՝ Եվրախորհրդարանի անդամներից մի քանիսն արդեն իսկ առաջարկել են հետաձգել այս հարցի քննարկումը», - հաղորդում է Reuters-ը։