Վլադիմիր Պուտինը պատասխանատվություն է կրելու Ուկրաինայում սանձազերծած պատերազմի համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին:
Նրա խոսքով՝ պետք է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ ագրեսիան չի կարող օգուտ բերել ագրեսորին: Պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլորը՝ և՛ պատերազմական հանցագործություն գործած զինվորները, և՛ ամենավերին օղակները, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը:
Կիրակի օրը BBC-ին տված հարցազրույցում Քլևերլին ասել է նաև, որ Լոնդոնն աջակցում է Միջազգային քրեական դատարանին, սակայն չի բացառում այլ մեխանիզմների ստեղծումը նաև, և մտադիր է Ուկրաինայի ու այլ գործընկերների հետ միասին որոշել, թե որն է ամենաարդյունավետ մեխանիզմը պատերազմի մեղավորներին դատելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաագայի դատարանում դատապարտում են Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի հատուկ տրիբունալ ստեղծելու՝ ԵՄ առաջարկըՄիևնույն ժամանակ, Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, թե ՆԱՏՕ-ն չի սպառնում և չի սպառնա Ռուսաստանին, քանի որ այն պաշտպանական դաշինք է բոլոր անդամ երկրների համար:
Դիվանագետը հավելել է, որ պատերազմում դաշինքի երկրների ներգրավվածության մասին խոսում է հենց Պուտինը, և ընդգծել. - «Չկա ՆԱՏՕ-ն հակամարտության մեջ ներքաշելու անհրաժեշտություն, և իրականում մենք պարզապես փորձում ենք ապահովել, որ դա տեղի չունենա»:
Sky News-ին տված հարցազրույցում էլ Ջեյմս Քլևերլին ասել է, որ ոչ մի նշան չի տեսնում, թե Վլադիմիր Պուտինն իսկապես ցանկանում է խաղաղ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ:
Նրա խոսքով՝ բանակցությունները չպետք է վերսկսվեն նրա համար, որ ռուսական բանակը վերազինման ժամանակ ունենա, և Ուկրաինա՛ն պետք է որոշի՝ երբ պետք է սկսել բանակցությունները:
Գերմանիայի կանցլերի կարծիքով էլ` Ռուսաստանի ղեկավարը վճռական է մնում Ուկրաինայի տարածքի որոշ հատվածներ նվաճելու հարցում և չի զսպում իր դաժանությունը։
Ելույթ ունենալով Պոտսդամում կայացած կոնֆերանսում՝ Օլաֆ Շոլցը հայտարարել էր. - «Ինձ հետ զրույցներում ամեն անգամ Պուտինը շատ հստակ ասում էր, որ ցանկանում է գրավել Ուկրաինայի տարածքի մի մասը»:
Փետրվարին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Շոլցն ավելի շատ է խոսել Պուտինի հետ, քան արևմտյան առաջնորդներից շատերը: Նրանց վերջին մեկժամանոց հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին։
Երբ կարող են վերսկսվել ռուս - ուկրաինական բանակցությունները՝ Շոլցն էլ չգիտի, սակայն ցանկանում է պահպանել Ռուսաստանի նախագահի հետ խոսելու հնարավորությունը։ Գերմանիայի կացլերը շետում է, որ թեև Պուտինի հետ տրամագծորեն հակառակ տեսակետներ ունի՝ դեռ մտադիր է շարունակել շփվել նրա հետ, քանի որ հույս ունի «օգտագործել այն պահը, երբ հնարավոր կլինի կարգավորել իրավիճակը»: