Կառավարությանը չի հաջողվում նախատեսված տեմպերով ներդնել միասնական տրանսպորտային համակարգը բոլոր մարզերում։ Շիրակում երկու անգամ մրցույթները տապալվել են։ Որևէ ընկերություն չի ցանկացել սպասարկել մարզի համայնքներն իրար կապող երթուղիները։
Ավելի վաղ նաև Լոռու մարզում էր մրցույթն անարդյունք անցել։ Միասնական տրանսպորտային համակարգ ներդնել մինչև այսօր հաջողվել է միայն մայրաքաղաքի հարակից Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում։ Կոտայքում 212 նոր ավտոբուս է գործում, բայց ուղեվարձը կրկնակի թանկացել է։ Նախարարության տվյալներով, սակայն, դրանից ուղևորների թիվը չի նվազել, ընդհակառակը՝ նոր ու հարմարավետ ավտոբուսների ուղևորները շատացել են, ասում է Տարածքային կառավարման նախարարության վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։
«Փորձը ցույց տվեց, որ նաև ունեցանք ուղևորահոսքի ավելացում պայմանավորված նրանով, որ ներգրավել էին նոր տրանսպորտային միջոցներ, և այս պահին շահագործվում է 212 տրանսպորտային միջազ, այսինքն՝ բացի այդ 150-ից, որ ընկերությունը մասնակցել էր մրցույթով, ձեռք բերեց ևս լրացուցիչ տրանսպորտային միջոցներ», - ասաց նա:
Ինչո՞ւ են մրցույթները Երևանից հեռու մարզերում տապալվում։ Նախարարության պաշտոնյան շեշտում է՝ անցած ամիս Ազգային ժողովն օրենքում փոփոխություն է արել։ Մրցույթում հաղթող ընկերությունն այսուհետ միանձնյա կսպասարկի ոչ միայն ներմարզային, այլև միջհամայնքային բոլոր երթուղիները։ Նախկինում համայնքի ներսում տրանսպորտային կապը տեղի իշխանությունների գործն էր, այժմ արդեն կառավարությունը մրցույթ կանի ու ընդամենը մեկ ընկերություն կընտրի ամբողջ մարզի ուղևորափոխադրումն իրականացնելու համար։
Խաչիկ Սողոմոնյանն ասում է՝ այս փոփոխությամբ փորձել են մարզերում երթուղիների սպասարկումն ավելի շահավետ դարձնել ընկերությունների համար. «Միասնական համակարգի հենց տրամաբանությունն այն է, որ այդ ընկերությունը, որ հաղթող է լինում, ինքը սպասարկում է մարզի թե շահութաբեր, թե ոչ շահութաբեր երթուղիները, օրինակ՝ այդ փոփոխությունը, որ եղավ, երբ միջմարզայինը իրականացնում էինք և ներմարզային երթուղիների մրցույթները, ներհամայնքայինը բաց էր մնում, ինքը համայնքը խնդիր էր ունենում, չէր կարողանում կազմակերպել»:
Բայց դեռ տարեսկզբին, երբ միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու առաջին մրցույթներն էին հայտարարվում, համայնքային երթուղիներ սպասարկող ընկերությունները դժգոհում էին, թե դժվար է օրենքի սահմանած նոր կարգի գլխավոր պայմանն ապահովել։ Հատկապես գյուղական անբարեկարգ ճանապարհներին նոր՝ մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցներ չես հանի, ասում էին։
Վարորդներն ու երթուղիներ սպասարկող ընկերությունների տերերն այսօր հիմնականում հրաժարվում էին պատասխանել «Ազատության» հարցերին։ Ասում էին՝ վիճակն անորոշ է, առաջիկա անելիքներն՝ անհայտ. «Ամեն մեկը մի բան ասում է, ասում են՝ 10-ից ավելի չպիտի լինի, ասում են՝ հունվարից հետո նոր պարզ կլինի»:
Լոռիում հին «Գազելներով» ու «Պազերով» գյուղից գյուղ ուղևոր փոխադրող վարորդները համոզված են՝ առանց ուղեվարձը թանկացնելու հնարավոր չէ նոր ու հարմարավետ սպասարկում ապահովել։ Բայց այս դեպքում էլ անվճարունակ բնակչության համար դժվարություններ կստեղծվեն, ասում է Ալավերդի-Վանաձոր երթուղու վարորդ Սեյրան Շահվերդյանը. «Մարդ է լինում՝ քշում ենք, նենց օր է լինում, սկի չենք էլ քշում, երկու հոգի էլ լինում է, ես չեմ գնում, ծախսը չի հանում»:
Վանաձորից Սպիտակ մեկնող ուղևորներն ամեն օր դեղին «Պազերով» են գնում-գալիս։ Ասացին՝ առանձնապես հույս չունեն, որ իրենց խորհրդային «Պազիկները» ավելի նոր մեքենաներով կփոխարինվեն։ Սա էլ հարմար է, ասում են. «Մեզ էս էլ ա ձեռք տալիս, նորմալ աշխատում է, ժամանակին գնում-գալիս է: Լավ կլինի, որ նոր մեքենաներով տանեն-բերեն, բայց դե հիմա էլ վատ չէ»:
Առաջիկայում մրցույթ անցկացնելու հերթը Գեղարքունիքի մարզինն է։ Դիմելու և ամբողջ մարզի ուղևորափոխադրումն իրականացնելու համար մինչև 100 առավելագույնը 10 տարեկան ավտոբուս պետք կլինի։ Նախարարությունում դեռ չգիտեն՝ կլինեն դիմողներ, թե ոչ։